Գլխավոր Այլ մարզաձևեր Սիմոն Մարտիրոսյանի Օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով. Փաշիկ Ալավերդյան

Սիմոն Մարտիրոսյանի Օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով. Փաշիկ Ալավերդյան

140
Loading...

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է, որ Սիմոն Մարտիրոսյանի Ռիո-2016-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով:

Ալավերդյանը նշել է, որ այսօր պաշտոնական գրություն է ստացել ՄՕԿ-ից, որտեղ նշված է եղել, որ այդպիսի գործընթաց է ընթանում:

Մինչև 105 կգ քաշային կարգում Ռիո-2016-ի ոսկե մեդալակիր, ուզբեկ Ռուսլան Նուրուդինովի դոպինգ-թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Ըստ Փաշիկ Ալավերդյանի, Սիմոն Մարտիրոսյանը պաշտոնապես Ռիոյի 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր կարող է ճանաչվել արդեն 2020 թվականի հունվարին:

Մարզական արբիտրաժային դատարանի հակադոպինգային բաժինը (CAS ADD) Ուզբեկստանի ներկայացուցչին այս տարվա մայիսին մեղավոր է ճանաչել Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու մեջ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 2018 թվականի դեկտեմբերին հայտնել էր Նուրուդինովին մրցումներից հեռացնելու մասին՝ ՄՕԿ-ի կողմից մարզիկի դոպինգ-թեստի վերաստուգումից հետո:

Այս տարվա ապրիլին միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Նուրուդինովի գործը փոխանցել էր CAS, որտեղ նրա գործի քննման արդյունքում որոշում կայացվեց այն մասին, որ մարզիկը խախտել է հակադոպինգային կանոններն ու լոնդոնյան խաղերում նրա արդյունքները չեղյալ համարվեցին: Գործը փոխանցվեց IWF՝ հետագա ուսումնասիրման համար: Լոնդոնի Օլիմպիական խաղերում Նուրուդինովը 4-րդ տեղն էր զբաղեցրել:

Հիշեցնենք՝ Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ ընդամենը 19 տարեկան էր:

Загрузка...