Գլխավոր Սպորտ Նիկոլ Փաշինյան. Շատ կարևոր է սպորտի և ֆուտբոլի աղտազերծումը կոռուպցիայից

Նիկոլ Փաշինյան. Շատ կարևոր է սպորտի և ֆուտբոլի աղտազերծումը կոռուպցիայից

107
Loading...

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին, շնորհավորել նրան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և քննարկել հայկական ֆուտբոլի զարգացման տեսլականը.

«Թույլ տվեք շնորհավորել Ձեզ ՀՖՖ նախագահ ընտրվելու առիթով: Ասեմ, որ Հայաստանում և մեր կառավարությունում շատ են ֆուտբոլի և Հայաստանի հավաքականի երկրպագուները, ու բնականաբար մենք անտարբեր չենք այն պրոցեսների նկատմամբ, որ տեղի են ունենում ֆուտբոլում և ֆուտբոլի ֆեդերացիայում:

Ֆուտբոլը մեզ համար երեք պատճառով շատ կարևոր է`

  1. Ֆուտբոլի զարգացումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետև կարծում եմ և հույս ունեմ, որ ՀՀ-ի բովանդակային փոփոխություններն արտահայտություն կգտնեն նաև ֆուտբոլում, և ինչ-որ առումով մեր երկրում ֆուտբոլն ու ֆուտբոլի ազգային հավաքականն իր արդյունքներով կարտահայտի մեր ազգային և պետական հավակնություններն ու համարժեք կլինի այդ հավակնություններին:
  2. Կարծում եմ` ՀՖՖ նախագահի երեկ կայացած ընտրությունը կարևոր է, քանի որ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում էական է սպորտի ապաքրեականացումն ու սպորտի աղտազերծումը կոռուպցիայից: Ցավոք, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ քրեական ենթամշակույթ ունեցող շրջանակներն ու կոռուպցիոն շրջանակները ներթափանցում են սպորտի, ֆուտբոլի բնագավառ: Եվ մենք պետք է այստեղ էլ ապահովենք քրեական հարաբերությունների բացառումը: Ես, իմանալով Ձեր անցած ճանապարհը, համոզված եմ, որ Դուք սկզբունքերով այդ գծին հետևողական կլինեք:
  3. ՀՀ-ի քաղաքացիների համար ամենակարևոր հարցը, որ պետք է լուծվի, հնարավորությունների զարգացումն է: Ֆուտբոլն այն ոլորտներից է, որտեղ բազմաթիվ պատանիներ, աղջիկներ կարող են իրենց հնարավորությունները զարգացնելու և օգտագործելու ներշնչանք գտնել: Շատ կարևոր է, որ ՀՀ-ում մենք ռեալ զարգացնենք ֆուտբոլային ենթակառուցվածքը` նաև որպես հանրային կյանքի կազմակերպման կարևոր ատրիբուտ:

Իհարկե, ֆուտբոլի ֆեդերացիան գործում է կառավարությունից անկախ, բայց կարծում եմ`ընդհանուր պատկերացումներ ունենալը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում համագործակցության համար: Ընդ որում, ՀՖՖ-ն այս առումով հնարավորություններ ունի ինչպես ՀՀ Կառավարության և պետական մարմինների հետ համագործակցության, այնպես էլ միջազգային հանրության հետ: Համոզված եմ` այստեղ ամբողջ պոտենցիալը չէ, որ օգտագործված է: Ուզում եմ Ձեզ հաջողություններ մաղթել այդ պոտենցիալն արդյունավետ օգտագործելու հարցում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Արմեն Մելիքբեկյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին շնորհավորանքների համար.

«Մենք երկար տարիներ ի վեր ֆուտբոլի ֆեդերացիայում չէինք ունեցել մրցակցային ընտրություններ, ինչը տեղի ունեցավ ու կարևորագույն նշան է, որ Հայաստանում ֆուտբոլը պետք է գնա առողջացման ճանապարհով:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա ՈւԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում 2016-ին եղան աղմկահարույց իրադարձություններ, երբ հրաժարական տվեց ՖԻՖԱ-ի նախագահը, ՈւԵՖԱ-ի նախագահը, այսինքն այնտեղ էլ առողջացման գործընթացը շարունակվում է: Մենք համագործակցում ենք այդ կազմակերպությունների հետ այդ ուղղությամբ: Անելու ենք առավելագույնը, որպեսզի Հայաստանում ֆուտբոլը զերծ մնա այդ ամենից:

Մշակել ենք մեր ռազմավարությունը մինչև 2025 թվականը, որտեղ նշված է մեր տեսլականը` Հայաստանը առավել ճանաչելի դարձնել աշխարհին ֆուտբոլի միջոցով: Տեսլականի մեջ նշված է նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հաջող ելույթների մասին, Ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի և աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին: Իհարկե, դա հավակնոտ ծրագիր է, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա: Անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի մարզերում ֆուտբոլը զարգանա»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը:

Մանրամասները` տեսանյութում.

Հանդիպում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 24 декабря 2019 г.
Загрузка...